Ավետ Կոնջորյանի վերաբերյալ քննություն կարվի կուսակցական էթիկայի առումով
29/7/2026 21:30

ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի առնչությամբ քննություն կարվի նաև կուսակցական կարգապահության տեսանկյունից։ Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա շեշտեց, որ այս փուլում 2 ուղղությամբ գործընթացներ պետք է իրականացվեն․ մեկը քրեաիրավական գնահատական տալու և մեղավորներին (եթե այդպիսիք կան) պատասխանատվության ենթարկելու համար, մյուսն էլ կուսակցական կարգապահության տեսանկյունից։
Ինչ վերաբերում է Ավետ Կոնջորյանի եղբորը՝ Հայկ Կոնջորյանին (որին առաջադրել են ԱԺ փոխնախագահի պաշտոնում– խմբ․) պատասխանատվության ենթարկելու հարցին, Թորոսյանը դա տեղին հարցադրում չի համարում։ Ըստ նրա՝ միայն ազգակցական կապը կամ նույն ազգանունն ունենալը չի ենթադրում մեղավորության կանխավարկած։ Թորոսյանը շեշտեց՝ իր համար անընդունելի է ցանկացած բռնություն և կուսակցական էթիկայի կանոնագրքի խախտում։ Պնդում է՝ եթե պարզվի, որ նման բան է եղել, համապատասխան որոշումներ կկայացվեն։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է– խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։ Makaryan News-ը տեսանյութ էր հրապարակել, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։